Рубрика: Նախագծային ճամփորդություններ, Ուսումնական Արագածոտն

Երբ արժեքները գնահատվում են…

Ուրախացա..23 մասնակից։Սա արդեն խոսում է այն մասին, որ նորեկ լինելով իսկ կողքիս կան մարդիկ, որոնք վստահում են ու մասնակցում նախաձեռնածս ճամորդությանը։ Հուզմունք կա, իհարկե։

Պետք է լինի մթնոլորտ, տրամադրող ու ոգևորող, ։ Շա՜տ սիրուն ու նոր դեմքեր, հների չափ ծանոթ ու հարազատ։ Ժպիտներ, պարերգեր։ Արայի լեռը բացել է թևերը ու մեզ իր գիրկն է առել, իսկ ահա Արագածը՝ վեհ կանգնած, նախ թույլ է տալիս իր գեղեցկությունը վայելենք, ապա հետևում է մեզ։ Քասախ գետը, ինչպես միշտ համեստ հոսում է, միաժամանակ ցույց տալով իր ստեղծած այդքա՜ն հրաշալի կիրճն ու բնությունը։ Հիշեցինք՝ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ։ Ահա և ապացույցը մեր առջև է։
Սուրբ Գևորգ եկեղեցու շրջակայքը տեսքի բերեցինք։ Ավելի գեղեցիկ տեսք ստացավ։ Իսկ ահա հին գերեզմանատունը բացել է պետք՝ տիարի սուր աչքը նկատում է ամեն բան։

Օհանավանք, Սաղմոսավանք։ Այս պատմամշակութային կոթողները այնքան բացահայտվելու տեղ ունեն, որ որքան էլ պրպտենք , միևնույնն է մի բան բաց ենք թողնելու՝հաջորդի համար։ Ու մենք կորցնում ենք ժամանակի և տարածության սահմանները։ Կրկին երգ ու պար։Կրկին ժպիտներ։ Այնքան լավն ենք երևի, որ եկեղեցու շները մեզ հետ խաղում են,  ուրախացնում Դավիթին։ Խիզախ տղա է, համարձակ սիրում է ու խաղում։

Ուշի։ Հայրենի հող, տուն, այն էլ՝ պապական։ Մտնում եմ գյուղ ու շունչս բացվում է։ Հարազատ է։ Ուսումնասիրում ենք Սուրբ Սարգիս եկեղեցին։ Հորիզոնն է առջևում։ Դպրոցի փոխտնօրենն է պատմում՝ սեբաստացի է եղել ժամանակին։

Պապս լուռ ժպտում է։ Նշանակում է գոհ է։ Նրա ամեն հայացքն եմ ընկալում։ Հպարտացա, սեբաստացիներն իմ պապական տանն են: Օրվա ամփոփման ավելի լավ տարբերակ դժվար թե գտնեի։

Շնորհակալ եմ սեբաստացի իմ ընկերներին ,նախագծային ճամփորդությանս մասնակցելու և օրս լցնելու համար։

Автор:

Ուրիշ մոլորակներ են ապրում նրա հոգում, միշտ վառ են բոլոր աստղերը: Ընդամենը մի բուռ հող, բայց օվկիանոսից:

Оставьте комментарий